2022 թ.-ից Արցախում վճարովի ոչ մի բժշկական ծառայություն չկա. ԱՀ պետնախարարը ներկայացրեց սոցիալական ոլորտների բարեփոխումները

18.01.2022, 14:52
2022 թ.-ից Արցախում վճարովի ոչ մի բժշկական ծառայություն չկա. ԱՀ պետնախարարը ներկայացրեց սոցիալական ոլորտների բարեփոխումները
2022 թ.-ից Արցախում վճարովի ոչ մի բժշկական ծառայություն չկա. ԱՀ պետնախարարը ներկայացրեց սոցիալական ոլորտների բարեփոխումները
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը իր ամենամյա մամուլի ասուլիս ժամանակ հայտնեց, որ Արցախում հունվարի 1-ից ամբողջությամբ անվճար են դարձել առողջապահական ծառայությունները:

Նրա խոսքով՝ նախատեսվում է 2022 թ.-ին ավելացնել առողջապահության բյուջեն:

«2022 թ.-ին վճարովի ոչ մի բժշկական ծառայություն չի լինելու, եթե բժշկական ցուցում կա, այսինքն՝ կան այնպիսի ծառայություններ, որոնք պացիենտի ցանկությամբ են, միայն այս դեպքում է վճարովի լինելու»,- ասաց Բեգլարյանը:

Նրա խոսքով՝ մի շարք բարեփոխումներ են պլանավորում իրականացնել, որպեսզի բարձրացնեն ոլորտի կառավարման արդյունավետությունը:

Նա նշեց նաև, որ կրթության ոլորտում բյուջեն նույնպես ավելացել է: Նոր բյուջեով նախատեսվում է այս ոլորտի աշխատակիցների աշխատավարձերի միջինում մինչև 20%-ով բարձրացում:

«Նախագահի նախընտրական ծրագրին համապատասխան` բարձրագույն կրթությունը ևս Արցախում դարձել է անվճար, որը 2022 թ.-ին ևս կշարունակվի: Այս տարի կիրականացվեն ռազմավարական ավելի լուրջ բարեփոխումներ կրթության ոլորտում»,-ասաց պետնախարարը:

Նա կարևորեց նաև այն, որ սեպտեմբերից նախատեսում են Արցախում հիմնել Անանիա Շիրակացու անվան միջազգային կրթահամալիր, որը լինելու է Երևանի մասնաճյուղը:

Բեգլարյանը հավելեց նաև, որ կենսաթոշակները և պետական նպաստները ևս բարձրացել են միջինը 20 %-ով:
«Կարևոր եմ համարում շեշտադրել, որ այս տարի արդեն միայն սոցիալական պաշտպանության բյուջեն 52 մլրդ. 564 մլն. 240 000 դրամ է, ինչը էականորեն տարբերվում է 2021 թ.-ի ցուցանիշներից»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ պետական նվազագույն կենսաթոշակը հաստատվել է 34 300 դրամ` 2021 թ.-ի 26 500 դրամի փոխարեն, միջին աշխատանքային կենսաթոշակի չափն էլ 56 200 դրամ է՝ 2021 թ.-ի 46 800 դրամի փոխարեն:–0–