Լավրովն Ալիևի հետ քննարկել է Մնացականյան–Մամեդյարով կայանալիք հանդիպումը

03.12.2019, 11:01
Սերգեյ Լավրովն Իլհամ Ալիևի  հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների` Բրատիսլավայում կայանալիք հանդիպումը
Լավրովն Ալիևի հետ քննարկել է Մնացականյան–Մամեդյարով կայանալիք հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ ԱԳՆԽ–ի շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների կայանալիք հանդիպումը թույլ կտա համախմբել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վստահության հաստատմանը միտված ջանքերը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Մենք շահագրգռված ենք, որպեսզի Վիեննայի գագաթնաժողովի, ինչպես նաև Մոսկվայում կայացած նախարարական հանդիպման ժամանակ ձեռք բերված վստահության ամրապնդման միջոցառումների, հումանիտար կապերի, ԶԼՄ–ների գծով կապերի շուրջ պայմանավորվածությունները կյանքի կոչվեն։ Դրանք քայլ առ քայլ իրականացվում են։ Հույս ունեմ, որ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների` այս շաբաթ կայանալիք հանդիպումը թույլ կտա համախմբել այս գործընթացները»,- ասել է նա։

Նախարարը նաև համաձայնել է Ադրբեջանի նախագահի հետ, որ կողմերը «պետք է խուսափեն հռետորաբանությունից, որը չի համընկնում ՄԱԿ–ի Կանոնադրությամբ և Հելսինկյան ակտում ամրագրված ու երկու կողմերի ընդունած հիմնարար սկզբունքներին»,– հավելել է Լավրովը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։

Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։ -0-