Հակառակորդը ժամը 06։00–ից շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմաբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ հակառակորդի նահախարձակ գործողությունները ճնշելու համար: Առաջնագծում ստեղծված իրադրության մասին առավել մանրամասն կանդրադառնանք մեր առաջիկա հաղորդագրություններում», – հայտնել են մամուլի ծառայությունից։
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ`հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները մարտեր են տանում առաջնային գծի բոլոր ուղղություններով` հակառակորդին կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ պատճառելով։ Մասնավորապես, ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով, մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել են հակառակորդի երկու ուղղաթիռ, չորս տանկ, երկու անօդաչու թռչող սարք։ Ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի մարդկային կորուստ:–0–