Հակառակորդի կրակից ԼՂՀ ՊԲ զինծառայող է զոհվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով սեպտեմբերի 2-ին ժամը 23:30-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Արայիկ Սամվելի Օրդուբեկյանը, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է նախաքննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի կողմից ձեռնարկվող նախահարձակ գործողությունների և դրանց հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է ադրբեջանական կողմը:
Գերատեսչությունը նաև հայտնում է, որ սեպտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 30 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց:–0–

