Հակառակորդի դիրքերից մեկում գրանցվել է ուժգին պայթյուն, որին հետևել է մարդկային վայնասուն, իսկ հետո` մոտ 10 կրակոց. ԱՀ ՊՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Օգոստոսի 8-ին ժամը 13:40-ի սահմաններում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հակառակորդի մարտական դիրքերից մեկում տեղի է ունեցել ուժգին պայթյուն, որին հետևել է մարդկային վայնասուն, իսկ այնուհետև մոտ 10 կրակոց, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Միջադեպից հինգ րոպե անց մարտական դիրքին են մոտեցել շտապօգնության 1 և ռազմական այլ տեսակի 5 մեքենաներ:
«Դեպքի հետ կապված որևէ տեղեկություն ադրբեջանական կողմը դեռևս չի տվել: ՊԲ առաջապահ ստորաբաժանումներն ու համապատասխան ծառայություններն աչալրջորեն վերահսկում են իրավիճակը և հետևում հակառակորդի առաջնագծում նկատվող տեղաշարժերը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–

