Հակառակորդը շարունակում է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը. ԼՂՀ ՊՆ

10.12.2015, 11:49
Հակառակորդը շարունակում է առաջնային գծի ողջ երկայնքով ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
Հակառակորդը շարունակում է  ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը. ԼՂՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հակառակորդը շարունակում է առաջնային գծի ողջ երկայնքով ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Դեկտեմբերի 9-ին և լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 200 անգամ։

«Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (39 արկ), 82 (230 արկ), 120 (37 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 (40 արկ) և ՌՊԳ-7 (4 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 2700 կրակոց», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի զենիթահրթիռային կայանք (7արկ):

«ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։–0–