Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ հերթական հանդիպումը կարող է տեղի ունենալ Փարիզում. Ֆրանսիայի նախագահ

21.09.2016, 10:51
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստ է Փարիզում ընդունել հանդիպումը` ընթացքի մեջ գտնվող ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն ի մի բերելու համար։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ հերթական հանդիպումը կարող է տեղի ունենալ Փարիզում. Ֆրանսիայի նախագահ
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստ է Փարիզում ընդունել հանդիպումը` ընթացքի մեջ գտնվող ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն ի մի բերելու համար։

Ինչպես չորեքշաբթի հաղորդեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, այս մասին Ֆրանսիայի նախագահը նշել է Հայաստանի անկախության 25–ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված ուղերձում։

«Ինչպես առիթ ունեցա Ձեզ ասելու հուլիսի 9-ին Վարշավայում մեր հանդիպման ժամանակ` պատրաստակամ եմ Փարիզում հյուրընկալել հանդիպում` ընթացքի մեջ գտնվող գործընթացն ի մի բերելու և չափազանց երկարատև այս հակամարտության առաջխաղացման միջոցառումները քննարկելու համար», – նշել է Օլանդը։

Ֆրանսիայի նախագահը նաև վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցված, արդար և կայուն կարգավորմանն ուղղված հանձնառությունը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-