Արցախյան Մատենադարանի շենքը շուտով իր դռները կբացի այցելուների առաջ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երկուշաբթի այցելել է Գանձասարի վանական համալիրի հարևանությամբ կառուցվող Մատենադարանի շենք և ծանոթացել իրականացվող աշխատանքներին, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Երկրի ղեկավարն այնտեղ հանդիպել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի և հաստատության մի խումբ գիտաշխատողների ու մասնագետների հետ:
Նախագահը գոհունակությամբ նշել է, որ աշխատանքները մտել են վերջնական փուլ, ևշուտով այս կարևոր գիտամշակութային կենտրոնը կսկսի իր աշխատանքը:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենին և աշխատակիցներին մշտական աջակցության համար՝ նշելով, որ առանց նրանց բարձր մասնագիտական և հայրենանվեր գործունեության անհնարին կլիներ հաջողությամբ իրականացնել արցախյան Մատենադարանի հիմնադրման աշխատանքները։–0–