Տեր–Պետրոսյանը մատնանշել է Հայաստանի և ԼՂՀ–ի իշխանությունների վճռականությունն ու հաստատակամությունը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

03.05.2016, 18:30
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը, ով այցելել է Ստեփանակերտ և հանդիպել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, մատնանշել է Հայաստանի և ԼՂՀ–ի իշխանությունների վճռականությունն ու հաստատակամությունը։
Տեր–Պետրոսյանը մատնանշել է Հայաստանի և ԼՂՀ–ի իշխանությունների վճռականությունն ու հաստատակամությունը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը, ով այցելել է Ստեփանակերտ և հանդիպել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, մատնանշել է Հայաստանի և ԼՂՀ–ի իշխանությունների վճռականությունն ու հաստատակամությունը։

«Դուք գիտեք մեզ հուզող բոլոր հարցերի մասին։ Բնական է` մեր զրույցը (ԼՂՀ նախագահի հետ) վերաբերել է այդ հարցերին։ Գիտեք նաև Հայաստանի և ԼՂ–ի իշխանությունների մտահոգության, նրանց վճռականության, հաստատակամության մասին։ Այնպես որ կարծում եմ` իշխանությունները հանգիստ, զուսպ անում են այն, ինչ պետք է անեն», – ասել է Տեր–Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը։

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ` հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը կարևորել է այս ծանր օրերին քաղաքական ուժերի ցուցաբերած միասնականությունը և նրանց դերակատարությունը հայ ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծման գործում:

Հանդիպումից հետո Լևոն Տեր–Պետրոսյանն ու Բակո Սահակյանը զբոսնել են Ստեփանակերտի փողոցներով։ Տեսանյութում երևում է, որ Ստեփանակերտում է նաև ՀՀ ԱԺ նախկին խոսնակ Բաբկեն Արարքցյանը, ով 1994 թ.–ին ստորագրել է Բիշքեկի արձանագրությունը, որով հաստատվել է հրադադարի ռեժիմը։

Ղարաբաղյան հակամարտությունը կտրուկ սրվեց 2016 թ.–ի ապրիլի սկզբին։

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։-0-