«Տաշիր» հիմնադրամը 500.000 դոլար է փոխանցել Արցախին և 2 հազարական դոլար` յուրաքանչյուր զոհված զինծառայողի ընտանիքին
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 500 հազար դոլար է տրամադրել Արցախին, ինչպես նաև` 2 հազարական դոլար ապրիլի սկզբին սահմանին իրավիճակի սրման ժամանակ զոհված յուրաքանչյուր զինծառայողի ընտանիքին: Ինչպես տեղեկացրել են «Տաշիր» բարեգործական հիմնադրամից, համապատասխան որոշումն ընդունվել է օրերս տեղի ունեցած Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ:
Ավելի վաղ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը գործարկել է Արցախում խաղաղ կյանքի աջակցման բարեգործական ակցիան:
«Ստեղծված ծանր իրավիճակը ստիպեց աշխարհի տարբեր անկյուններում բնակվող հայերին միավորվել` սատարելու համար արցախցիներին։ Հավատարիմ մնալով դժվար պահին հայրենիքին օգնելու և աջակցելու սկզբունքներին` «Տաշիր» ընկերությունների խմբի աշխատակիցները միացան համահայկական նախաձեռնությանը, որը Հայաստանում և այլ երկրներում գործող ընկերությունների հետ միասին կոչված է ֆինանսական և մարդասիրական օգնություն տրամադրել հանրապետության բնակիչներին», - ասվում է «Տաշիր» ընկերությունների խմբի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
#МирАрцаху բարեգործական ակցիան գործում է Ռուսաստանի և Հայաստանի ողջ տարածքում:
«Այսօր Արցախի խաղաղ բնակիչներն աջակցության կարիք ունեն, և մենք չէինք կարող անտարբեր մնալ: Սա նշանակում է, որ մենք սկսում ենք դրամահավաք, միջոցները կփոխանցվեն արցախցիներին: Չէ՞ որ այս հինավուրց երկրի յուրաքանչյուր բնակիչ արժանի է գլխավերևում ունենալ խաղաղ երկինք, արժանի է հանգիստ ապրել, աշխատել և երեխաներին մեծացնել իր պատմական հայրենիքում», - ասվում է հաղորդագրությունում:
Ստեղծման պահից ի վեր` «Տաշիր» ընկերությունների խումբը մեծ ուշադրություն է դարձնում բարեգործական գործունեությանը և աջակցում ծրագրերին, որոնք կոչված են փոխել մարդկանց կյանքի որակը: -0-

