Թալիշի շրջանում հակառակորդի արձակած կրակից ղարաբաղցի զինծառայող է զոհվել
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 14-ին ՊԲ հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1970թ. ծնված Համլետ Այվազի Հաջոյանը, հաղորդում է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։ –0–

