Նյու Յորքում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

24.09.2017, 00:13
Նյու Յորքում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումն ավարտվեց Նյու Յորքում, տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Twitter–ի իր էջում։

«Հանդիպման մանրամասների մասին կհաղորդվի առաջիկայում», – գրել է Բալայանը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ՀՀ ԱԳ նախարարը, հանդիպման օրակարգում ներառված է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպման հարցը, ինչպես նաև համանախագահների տարածաշրջանային այցի ժամանակացույցը։

Загружается новость ... "Лево"

Մամեդյարովի հետ հանդիպման հարցերը Նալբանդյանը նախօրեին քննարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական  ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:

Կողմերը մտքեր են փոխանակել բարենպաստ պայմանների ստեղծման համար անհրաժեշտ քայլերի շուրջ` հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու նպատակով։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։

Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-