ԼՂ խնդիրը կլուծվի, եթե ԱՄՆ-ն և Ռուսաստանը համաձայնության գան. Մեթյու Բրայզա

16.06.2017, 16:49
Ամերիկացի նախկին դիվանագետը կարծիք է հայտնել, թե ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը հետաքրքրված չեն պատերազմով:
ԼՂ խնդիրը կլուծվի, եթե ԱՄՆ-ն և Ռուսաստանը համաձայնության գան. Մեթյու Բրայզա

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ադրբեջանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Մեթյու Բրայզան Բաքվում հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարածաշրջանում տնտեսական զարգացման և անվտանգության գլխավոր խոչընդոտն է։

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, ադրբեջանական APA լրատվական գործակալության հետ զրույցում ամերիկացի նախկին դիվանագետը կարծիք է հայտնել, թե ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը հետաքրքրված չեն պատերազմով:

«Ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմական գործողություններ կարող են սկսվել այն ժամանակ, եթե Ադրբեջանի կամ Հայաստանի կառավարությունները այդ հարցով որոշում ընդունեն», - պնդել է Բրայզան՝ կարծիք հայտնելով, որ նման գործողություններով ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը հետաքրքրված չեն:

Загружается новость ... "Лево"

Նախկին միջնորդի համոզմամբ՝ ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվի այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ն և Ռուսաստանը այդ հարցով համաձայնության չեն եկել:

«Ներկայումս այդ երկրների միջև, կարելի է ասել, կապեր չկան: Համանախագահները կգան, կարգավորման ուղիներ կփնտրեն, բանակցություններ կանցկացնեն: Բայց առաջընթաց չի լինի մինչև վերը նշվածը տեղի չունենա», - ասել է Բրայզան:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։ 

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։

Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-