Հայ դիվանագետը թերահավատորեն է գնահատել Իրանի միջնորդությունը ղարաբաղյան հարցում
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում Իրանի միջնորդությունն ավելի շատ բացասական երևույթ է, կարծում է Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։
Հունվարի վերջին Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ջաբեր Անսարին հայտարարել է, որ Իրանը պատրաստակամություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև հանդես գալ որպես միջնորդ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։
«Թեհրանը չի նշում, թե ինչ ձևաչափով է պատրաստվում հանդես գալ որպես միջնորդ։ Եթե նրանք հայտարարեին, որ պատրաստվում են իրենց ջանքերը համախմբել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերի հետ, ապա դա կարելի էր ողջունել, քանի որ Հայաստանի համար ՄԽ–ն միակ ընդունելի ձևաչափն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում», – երկուշաբթի լրագրողներին ասաց Նավասարդյանը։
Նրա խոսքով` Իրանը դժվար թե վճռորոշ դերակատարություն ունենա, սակայն հավանական է, որ այդ երկրի միջնորդությունը կարող է սրել իրավիճակը։ Դիվանագետը չի բացառում, որ ղարաբաղյան կարգավորման հարցում Իրանի մասնակցությունը կարող է Թուրքիայի համար առիթ դառնալ, որպեսզի այդ երկիրը ևս միջամտի գործընթացին։
«Նաև վստահ չեմ, որ Իրանը, որպես միջնորդ, կգործի` ելնելով Հայաստանի շահերից։ Այդ երկիրն այսօր հավակնում է դառնալ գերտերություն և միջնորդի դերում կառաջանորդվի այդ նկատառումներով», – ասաց Նավասարդյանը։
Նա նաև նշեց, որ, այդուհանդերձ, Հայաստանը պետք է լայնորեն օգտագործի Իրանի հետ համագործակցության տնտեսական հնարավորությունները, մասնավորապես, հաղորդակցությունների և տարանցման հարցում։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

