ՀՀ արտգործնախարարը հեռախոսազրույցներ է ունեցել ԵԱՀԿ ՄԽ միջնորդների և ԵՄ հատուկ ներկայացուցիչների հետ

02.04.2016, 16:36
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահնեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի հետ:
ՀՀ արտգործնախարարը հեռախոսազրույցներ է ունեցել ԵԱՀԿ ՄԽ միջնորդների և ԵՄ հատուկ ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահնեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

ՀՀ նախագահը երեկոյան Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել>>

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ`հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները մարտեր են տանում առաջնային գծի բոլոր ուղղություններով` հակառակորդին կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ պատճառելով։ Մասնավորապես, ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով, մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել են հակառակորդի երկու ուղղաթիռ, երեք տանկ և երկու անօդաչու թռչող սարք։

Ստեղծված իրավիճակի կապակցությամբ նախարարը նաև հեռախոսազրույց է ունեցել ռուս գործընկերոջ և ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Սահմանում իրավիճակը շարունակում է մնալ լարված, մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան>>

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-