Ղարաբաղը նշանակալի ծավալների նյութական աջակցություն է ստանում

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ապրիլի 4-ից ի վեր ԼՂՀ կառավարությունում ձևավորված օպերատիվ շտաբի միջոցով նյութական աջակցություն է հավաքագրվում` հիմնականում ռազմական գործողություններից տուժած քաղաքացիներին և Պաշտպանության բանակին աջակցելու համար, հաղորդվում է Արցախի կառավարության կայքում:
Մայիսի 4-ի տվյալներով՝ աջակցության նպատակով մեծ ծավալի տարբեր ապրանքատեսակներ են ներկրվել Արցախ, որոնց միայն մի մասն է օպերատիվ շտաբի միջոցով փոխանցվել հասցեատերերին:
Շտաբի կողմից պահեստավորված ապրանքները դասակարգվել են ըստ խմբերի և տրամադրվել Պաշտպանության բանակին, սահմանամերձ համայնքներից տեղահանված բնակչությանը, հիվանդանոցներին ու ռազմական հոսպիտալներին և սահման մեկնած կամավորների ընտանիքներին:
Շտաբի պահեստներից արդեն դուրս է եկել ստացած աջակցության հիմնական մասը, մասնավորապես՝ 3,020 տուփ, 9,849 արկղ և 141,2 տոննա սնունդ, ավելի քան 154,207 շիշ ըմպելիք, մոտ 104,680 տուփ և 267 արկղ ծխախոտ, 6,021 անկողնային պարագաներ և այլն:
ԼՂՀ կառավարության կայքում ներկայացված են նաև ընդհուպ մինչև մայիսի 4-ը ստացված նյութական աջակցության մուտքի և ելքի վերաբերյալ մանրամասն հաշվետվությունները:
Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։–0–