ԵԱՀԿ–ն Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում կանցկացնի

19.10.2016, 11:44
ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:
ԵԱՀԿ–ն Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում կանցկացնի
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Հադրութի շրջանի ուղղությամբ, Աշաղի Աբդուրախմանլի բնակավայրի մոտակայքում, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն (Չեխիա), ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա) և Բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ներկայացուցիչ մայոր Քրիստիան Հիրշը (Ավստրիա):

«ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–