ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ Կրասնոդարի մարզի Արմավիր և Անապա քաղաքների հայ համայնքների ներկայացուցիչներն ապրիլի 27-ին Ստեփանակերտ են հասցրել և ԼՂՀ ՊԲ-ին նվիրաբերել 4 «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա` որից մեկը զրահապատ, և առաջնագծի համար անհրաժեշտ տեխնիկա, հաղորդում է ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունը:
Արմավիրի և Անապայի հայ համայնքների ներկայացուցիչներին ընդունել է Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, ով արցախցիների կողմից ողջունելով և շնորհակալություն հայտնելով նրանց` նշել է, որ համայնքների համընդհանուր միջոցներով ձեռք բերված մեքենաներն ու տեխնիկան դրական են ազդելու բանակի մարտունակության բարձրացման վրա:
Հանդիպմանը մասնակցում էր պաշտպանության փոխնախարար, Արցախի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանը:
Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։-0-