Արցախում վիրավորված զինծառայողի վիճակը ծանր է. կրծքավանդակի շրջանում հրազենային միջանցիկ վիրավորում է ստացել

08.06.2018, 19:47
Արցախում վիրավորված զինծառայողի վիճակը ծանր է։
Արցախում վիրավորված զինծառայողի վիճակը ծանր է. կրծքավանդակի շրջանում հրազենային միջանցիկ վիրավորում է ստացել

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Խաչատրյանի վիրավորում ստանալու հանգամանքները, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

2018թ. հունիսի 7-ին ժամը 23:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Անդրանիկի Խաչատրյանը: Վերջինս տեղափոխվել է զինհոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծանր:

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:

Կատարվում է նախաքննություն:–0–