Արցախի շփման գիծը հարկավոր է ամրապնդել. Վիգեն Սարգսյան
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հարկավոր է շարունակել Արցախի առաջնագծի ամրապնդումը, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հայաստան–Սփյուռք 6–րդ համաժողովի շրջանակում։
«Ապրիլյան իրադարձություններից հետո մենք ձեռնարկեցինք առաջնագծի արդիականացմանն ուղղված միջոցներ։ Տարվա ընթացքում իրականացվեցին ինժեներական աշխատանքներ, ինչպես նաև բարելավվեց հսկողության համակարգը։ Ծառայելը դարձավ ավելի անվտանգ», – ասաց Սարգսյանը։
2016 թ.–ի ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։
Նրա խոսքով, այդուհանդերձ, լարվածությունը պահպանվում է, արձանագրվում են գնդակոծություններ, ակտիվորեն գործում են դիպուկահարները։
«Մենք փորձում ենք հետևել «երեք սպանված մեր մեկ զինծառայողի դիմաց» սկզբունքին։ Անխոս, դա անընդունելի է մեր կորուստների տեսակետից, սակայն այդպիսին են պատերազմի կանոնները», – ասաց Սարգսյանը։
Ինչ վերաբերում է «սպառազինության մրցավազքի» քաղաքականությանը, որը վարում է Ադրբեջանը, ապա նախարարը նշեց, որ Հայաստանը երբեք չի ձգտել մրցել քանակական տեսանկյունից։
«Մենք շարունակում ենք սպառազինմանն ուղղված ակտիվ ծրագիրը։ ՀՀ ԶՈւ–ն այսօր բավարար չափով սպառազինված է անվտանգություն ապահովելու համար։ Սակայն պետք չէ մոռանալ, որ ռազմական գիտությունն ու տեխնիկան բավականին արագ են զարգանում», – ասաց նա։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։
Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

