Արցախի նախագահը մի շարք նշանակումներ է կատարել հրաժարականներից հետո թափուր մնացած պաշտոններում

07.06.2018, 11:25
Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր:
Արցախի նախագահը մի շարք նշանակումներ է կատարել հրաժարականներից հետո թափուր մնացած պաշտոններում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 6-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը։

Համաձայն հրամանագրերի՝ Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Գրիգորի Մարտիրոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար՝ ազատվելով Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնից։

Արթուր Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար։

Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանն ազատվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: 

Գնդապետ Սամվել Շահրամանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն: 

Գնդապետ Գագիկ Սարգսյանն ազատվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ-պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։

Գեներալ-մայոր Կամո Աղաջանյանն ազատվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: 

Գնդապետ Իգոր Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ: 

Նույն օրը Նախագահ Սահակյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն եւ աշխատակիցներին ներկայացրել համակարգի նոր ղեկավարին՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Արշավիր Ղարամյանին և Գագիկ Սարգսյանին երկարամյա ծառայության համար՝ նրանց մաղթելով հաջողություններ:–0–