Արցախի ժողովուրդը ոգեկոչում է 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը. Բակո Սահակյան

24.04.2016, 11:54
Այսօր Արցախի ժողովուրդը համայն հայության հետ միասին ոգեկոչում է Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը, հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ հրապարակված ուղերձում։
Արցախի ժողովուրդը ոգեկոչում է 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը. Բակո Սահակյան

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր Արցախի ժողովուրդը համայն հայության հետ միասին ոգեկոչում է Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը, հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ հրապարակված ուղերձում։

«101 տարի առաջ քաղաքակիրթ աշխարհի աչքի առջև թուրքական յաթաղանի զոհ դարձավ մեկուկես միլիոն հայ՝ ծերեր, երեխաներ, կանայք։ Մի ողջ ժողովուրդ զրկվեց հայրենիքից, սեփական հող ու ջրից և բռնեց գաղթի ճամփան՝ սփռվելով աշխարհով մեկ», - ասվում է Սահակյանի ուղերձում։

Ղարաբաղյան պետության նախագահը ցավով նշել է, որ ցեղասպանության փորձեր են կատարվում նաև մեր օրերում: «Եթե ժամանակին Մեծ եղեռնը ճանաչվեր ու դատապարտվեր միջազգային հանրության կողմից, չէին լինի միլիոնավոր նոր անմեղ զոհեր աշխարհի տարբեր ծայրերում», - ասել է նա:

Ինչպես նշել է Սահակյանը, թե՛ 1915-ի այն ողբերգական օրերին և թե՛ այսօր, երբ հայ ժողովուրդը պայքարում է հանուն ազատ ու անկախ ապրելու իր իրավունքի, հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, «մենք զգացել և զգում ենք տարբեր երկրների, աշխարհի բազմաթիվ մարդկանց աջակցությունը, նրանց, ում համար արդարությունը, մարդասիրությունը, համամարդկային արժեքների պաշտպանությունը վեր են ամեն ինչից»: «Մենք շնորհակալ ու երախտապարտ ենք հայ ժողովրդի բոլոր բարեկամներին», - ասվում է ուղերձում։

Ընդ որում, ԼՂՀ նախագահը արձանագրել է, որ հայժողովրդի հակառակորդը չի փոխվել, սակայն փոխվել է հենց ինքը ժողովուրդը։ «Այսօր հայը աշխարհին է ներկայանում հայկական երկու հանրապետություններով, Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությամբ և իր պատմական հողում ապրելու ու արարելու անսասան վճռականությամբ», - ընդգծել է Սահակյանը։

«Այս ապրիլյան օրերին աշխարհասփյուռ հայությունը կրկին ոտքի կանգնեց մեկ մարդու պես և ապացուցեց աշխարհին, որ իր հայրենիքն ու արժանապատվությունը պաշտպանելու համար պատրաստ է և կանի ամեն ինչ, կանի իր քաջ որդիներով ու հերոսական բանակով, իր միասնականությամբ ու անպարտելի ոգով», - հայտարարել է նա:

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատտրանսպորտայինմիջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։-0-