Ադրբեջանը շփման գծում կրկին հաուբից է կիրառել

21.12.2015, 12:13
Ադրբեջանցի զինծառայողները դեկտեմբերի 20-ին և լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրկին հաուբից են կիրառել:
Ադրբեջանը շփման գծում կրկին  հաուբից է կիրառել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանցի զինծառայողները դեկտեմբերի 20-ին և լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրկին հաուբից են կիրառել, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` հակառակորդը շփման գծի հարավային (Հադրութ) ուղղությամբ կիրառել 122 միլիմետրանոց Դ-30 հաուբից հրանոթ (4 արկ):

Նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (236 արկ), 82 (155 արկ), 120 (23 արկ) միլիմետրանոց ականանետերից,  ՀԱՆ-17 (4արկ) և ՌՊԳ-7 (3 արկ) տիպի նռնականետերից, TR-107 տիպի հրթիռային կայանքից (24 արկ) հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1700 կրակոց

«ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի սադրիչ քայլերը ճնշելու համար դիմել են պատժիչ գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ: 


1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն, ընդհանուր առմամբ, շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը: Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է:

1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-