Ադրբեջանը շարունակում է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը. ԼՂՀ ՊՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից շարունակվում է ինտենսիվորեն խախտվել հրադադարի պահպանման ռեժիմը, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ դեկտեմբերի 7-ին և լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 (137 արկ), 82 (209 արկ), 120 (52 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 (93 արկ), ՌՊԳ-7 (11 արկ) տիպի նռնականետերից, ինչպես նաև TR 107 տիպի զենիթահրթիռային կայանքից (42 արկ) հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2700 կրակոց:
«ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ իրենց պատժիչ գործողություններով ճնշելով հակառակորդի նախահարձակ ակտիվությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։–0–

