Ադրբեջանի նախագահին պետք է դատի Միջազգային տրիբունալը. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետք է պատասխանատվության ենթարկվի Միջազգային քրեական տրիբունալում (ՄՔՏ)` ղարաբաղյան հակամարտության գոտում նրա նախաձեռնած ագրեսիայի համար, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
Ինչպես նշեց Եսայանը, հայկական կողմը փաստաթղթեր է հավաքում միջազգային դատական ատյաններ հայցեր ներկայացնելու համար` Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչներին պատասխանատվության ենթարկելու նպատակով։
Հայկական կողմը պետք է հասնի ադրբեջանցի պաշտոնյաների պատժին, ովքեր պատասխանատու են քաղաքացիական անձանց և հայ զինծառայողների սպանության, նրանց մարմինները խոշտանգելու համար», – ասաց նա։
Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Նիկոլայ Բաղդասարյանն իր հերթին ընդգծեց, որ հայկական կողմը պետք է հայցերը ներկայացնի հենց Միջազգային քրեական դատարան, որն ուսումնասիրում է ֆիզիկական անձանց նկատմամբ քրեական գործերը:
Ընդ որում, Բաղդասարյանը նշեց, որ այս հարցում գոյություն ունի որոշակի խնդիր` ո´չ Երևանը, ո´չ Բաքուն չեն վավերացրել Հռոմի ստատուտը, որն ուժի մեջ է մտել 2002 թ.-ին: Փաստաբանի խոսքով, հնարավոր է, որ հայկական կողմի` ՄՔԴ ներկայացված հայցերը քննարկվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով:
Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։ –0–