ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ԱՀ պաշտպանության բանակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը։
«Ադրբեջանական ագիտպրոպի կողմից այսօր շրջանառության մեջ դրված ապատեղեկատվությունն առ այն, թե իբր «երեկ հայկական զինված ուժերում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով շուրջ 15 զինծառայող է տուժել», մեկ անգամ ևս փաստում է հարևան կոչված երկրի տեղեկատվական համակարգի (եթե, իհարկե, դա կարելի է համակարգ անվանել, այլ ոչ թե ասեկոսեների վրա հիմնված հորինվածքների շտեմարան) չկայացվածության և անսովոր պարզունակության մասին», – Facebook-յան իր էջում նշել է Հասրաթյանն ուգԳործընկերային հորդոր տվել բոլոր նրանց, ովքեր նախընտրում են հետևել «այդ պարզամիտ ագիտատորների գրառումներին։
«Ուշադրություն մի′ դարձրեք դատարկաբանություններին: Հասկանանք, որ դրանք հերքելու դեպքում անգամ, անգիտակցաբար ծառայում ենք այն նպատակին, ինչ նպատակ հետապնդում է մեր հակառակորդի քարոզչամեքենան, այն է՝ որքան հնարավոր է շատ տարածել ստահոդ լուրեր հայ հասարակության մեջ և մեզանում ձևավորել կասկածանքների և, ըստ այդմ՝ նաև հուսահատության մթնոլորտ», – նշել է Սենոր Հասրաթյանը։
«Համոզված եղեք, որ մեր ռազմատեղեկատվական համակարգը լիարժեք տիրապետում է իրավիճակին և, հարկ եղած դեպքում, օպերատիվ ու օբյեկտիվ իրազեկում կատարվածի մասին», – եզրափակել է Հասրաթյանը։–0–