Թուրքիան նախատեսում է ընդլայնել Ղարաբաղի հարցով գործակցությունը` մինչև «3+3» ձևաչափի

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Թորքիայի իշխանությունները նախատեսում են ընդլայնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով գործակցությունը` հասցնելով այն «3+3» ձևաչափի։
Այս մասին, ՏԱՍՍ–ի հաղորդմամբ, ուրբաթ Ստամբուլում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն իր իրանցի գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ ասուլիսի ժամանակ։
«Մենք պետք է աջակցենք հրադադարին։ Այնպես որ նախատեսում ենք համագործակցել «3+3» ձևաչափով (ՌԴ, Ադրբեջան , Հայաստան, Իրան, Վրաստան, Թուրքիա, ՏԱՍՍ)», – ասել է նախարարը։
Չավուշօղլուն առանձին նշել է, որ «Հարավային Կովկասում կարգավորման համար պարզապես ցանկությունը բավարար չէ» և «անհրաժեշտ է հասնել մշտական հրադադարի`համագործակցության ընդլայնման միջոցով»։
«Խաղաղությունն ու կայունությունն այս տարածաշրջանում բխում է յուրաքանչյուրի շահերից։ Առավել շատ այն օգտակար կլինի Հայաստանին և նրա ժողովրդին։ Այդ պատճառով մենք Հայաստանից սպասում ենք կառուցողական քայլերի այդ ուղղությամբ», – ավելացրել է Չավուշօղլուն։
Նա հիշեցրել է, որ մինչև Թուրքիա այցելելը Զարիֆը եղել է Ադրբեջանում, ՌԴ–ում, Հայաստանում և Վրաստանում, որտեղ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը։ Երկու երկրների ԱԳ նախարարները վերլուծել են այդ շփումների արդյունքները։
Ղարաբաղի հարցով գործակցության «3+3» ձևաչափի նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես էին եկել Ադրբեջանի և Թուրքիայի առաջնորդներ Իլհամ Ալիևն ու Թայիպ Էրդողանը։ Իրանը ողջունել է այդ գաղափարը` վստահեցնելով, որ պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանն ուղղված քայլերին։–0–