ԼՂՀ-ում ՍՇՎ-ով ստացիոնար բուժում է ստանում 112 հիվանդ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հավաքագրված վերջին տվյալների համաձայն ներկայում Լեռնային Ղարաբաղի բժշկական կենտրոններում վերին շնչառական ուղիների հիվանդություններով ստացիոնար բուժում է ստանում 112 հիվանդ, այդ թվում 48-ը մինչև 18 տարեկան, հայտնեցին ԼՂՀ առողջապահության նախարարությունից:
«Հոսպիտալացված 49 հիվանդի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, որից 6-ը մինչև 18 տարեկան: Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար: Իսկ վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 2 հիվանդ: Ամբուլատոր, տնային և շտապօգնության կանչերի թիվը ևս չի ավելացել»,-ասված է հաղորդագրությունում:
Տեղեկացնենք նաև, որ շարունակվում են համայցերը հանրապետության շրջանային բժշկական հաստատություններ:
Այս հանգստյան օրերին ևս ԼՂՀ առողջապահության նախարարությունը հանրապետության համապատասխան բժշկական հաստատությունների հետ միասին աշխատում է լիարժեք ռեժիմով. շարունակվում են բոլոր միջոցառումներն` իրականացվում է մշտադիտարկում:
Բացի այդ առողջապահության նախարարությունը շարունակում է վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի բոլոր միջոցառումները ողջ հանրապետությունում: Ամենօրյա մշտադիտարկման արդյունքները Ստեփանակերտի բժշկական հաստատություններից, ինչպես նաև շրջանային բուժմիավորումներից անմիջապես փոխանցվում են առողջապահության նախարարություն, որտեղ քննարկվում են թե բուժական, թե կազմակերպչական հարցերը: -0-