Samsung–ը նորույթ է ներկայացրել. առաջին եռակի ծալվող սմարթֆոնը՝ Galaxy Z TriFold-ը

03.12.2025, 19:53
Սմարթֆոնը բազմաֆունկցիոնալ է. էկրանի երեք բաժիններից յուրաքանչյուրում հնարավոր է բացել առանձին հավելված
Samsung–ը նորույթ է ներկայացրել.  առաջին եռակի ծալվող սմարթֆոնը՝ Galaxy Z TriFold-ը

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Հարավկորեական Samsung Electronics ընկերությունը ներկայացրել է իր առաջին եռակի ծալվող սմարթֆոնը՝ Galaxy Z TriFold-ը։

Ինչպես նշված է արտադրողի կայքում, նորույթը Հարավային Կորեայի խանութներում կհայտնվի դեկտեմբերի 12-ին։

Ամբողջությամբ բացված վիճակում հեռախոսի էկրանի անկյունագիծը կկազմի 10 դյույմ, ինչը ֆունկցիոնալությամբ համեմատելի է պլանշետի հետ։

Սմարթֆոնը բազմաֆունկցիոնալ է. էկրանի երեք բաժիններից յուրաքանչյուրում հնարավոր է բացել առանձին հավելված, գրում է ՏԱՍՍ-ը։

Galaxy Z TriFold-ի գինը Հարավային Կորեայի շուկայում կկազմի 3,5 մլն վոն (մոտ $2 430):

Ավելի ուշ այն կհայտնվի Չինաստանում, Սինգապուրում, ԱՄԷ-ում և ԱՄՆ-ում։ Սարքը կմատակարարվի սև գույնով՝ ներկառուցված 512 ԳԲ հիշողությամբ, և կունենա Samsung-ի ծալվող հեռախոսների մեջ ամենահզոր մարտկոցը՝ 5 600 մԱժ։ Մարտկոցը, ինչպես էկրանը, բաժանված է երեք հատվածի, նշում են Samsung Electronics-ից։  

Չինական Huawei ընկերությունը իր եռակի ծալվող էկրանով սմարթֆոնը՝ Huawei Mate XT-ն, թողարկել էր 2024 թվականի սեպտեմբերին։