Քանյե Ուեսթը ներողություն է խնդրել հրեա ժողովրդից իր հակասեմական արտահայտությունների համար. (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը հանդիպել է Մարոկկոյի հրեական կրոնական համայնքի հոգևոր պետ և պաշտամունքի սպասավոր Եշայահու Յոսեֆ Պինտոյի հետ, որի հետ զրույցի ընթացքում ներողություն է խնդրել հրեա ժողովրդից իր հակասեմական արտահայտությունների համար։ Այս մասին հայտնում է BILD-ը։
«Ես շնորհակալ եմ, որ կարող եմ նստել այստեղ Ձեզ հետ և պատասխանատվություն կրել: Երկբևեռ խանգարման դեմ իմ պայքարը ինձ հասցրել է ծայրահեղությունների, որոնք ստիպել են մոռանալ ուրիշներին և ինքս ինձ պաշտպանելու մասին», - ասել է Ուեսթը Պինտոյի կողմից հրապարակված տեսանյութում։
Նա հավելել է, որ ցանկանում է սկսել վերականգնման ճանապարհը և «վերադառնալ խաղաղության և սիրո»:
Պինտոն պատասխանել է երաժշտին. «Մարդը չի որոշվում իր սխալներով, այլ նրանով, թե ինչպես է դրանք ուղղում: Իրական ուժը սովորելու և սիրո և խաղաղության կամուրջներ կառուցելու մեջ է»: Հանդիպման ավարտին նա գրկել է ռեփերին և մաղթել նրան «միայն լավ բաներ ապագայի համար»:
Աղբյուրը նշում է, որ Քանյե Ուեսթը նախկինում մի շարք հակասեմական հայտարարություններ է արել, այդ թվում՝ գովաբանել է Հիտլերին և տարածել դավադրության տեսություններ: Նրա պայմանագրերը Adidas-ի, Balenciaga-ի և այլ ապրանքանիշերի հետ խզվեցին, և նրա զուտ կարողությունը նվազեց միլիարդավոր դոլարներով։
News.mail.ru-ն էլ հայտնել է, որ ռեփերի այս և մյուս նացիստական հայտարարությունները պայմանավորված են հոգեկան խնդիրներով, որոնք էլ իր գաղափարները «ծայրահեղության են հասցրել»։

