Մեղր` օգուտ և վնաս

10.03.2025, 21:20
Շատերը գիտեն մեղրի օգտակարության մասին, սակայն քչերին է հայտնի, թե որ հատկություններն են մեղրը դարձնում այդպիսին
Մեղր` օգուտ և վնաս
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Մեղուները երկրի վրա շատ վաղուց են ապրում, այնպես որ, մեղրն էլ ամենահին մթերքներից մեկն է: Հնում մեղրը գնահատել և օգտագործել են անգամ որպես դրամական տուրք: Ոչ բոլորին է հայտնի, որ մեղրը գրեթե 80%-ով բաղկացած է տարատեսակ շաքարներից` գլյուկոզա, կաթնաշաքար և այլն: Մեղրի 20%–ը ջուրն է և միայն 2% -ը`հանքային աղերը, գրում է polza-vred.su–ն։

Շատերը գիտեն մեղրի օգտակարության մասին, սակայն քչերին է հայտնի, թե որ հատկություններն են մեղրը դարձնում այդպիսին: Մեղրը պարունակում է հետևյալ օգտակար միկրոտարրերը` յոդ, երկաթ. կալիում, ֆոսֆոր, մագնեզիում, ֆոլաթթու, B2 և B6 վիտամիններ:

Մեղրի օգտակար հատկությունները

Մեղրը ոչ միայն բարձրացնում է իմունային համակարգը, այլև ունի հրաշալի հակաբակտերիալ և հակավիրուսային հատկություններ: Այն կարող է բավական արագ բուժել ոչ մեծ վերքերն ու այրվածքները, օգնում է բարելավել արյունը: Շաքարախտով հիվանդները հաճախ փոխարինում են շաքարը մեղրով: Մեղրն իդեալական է խոլեստերինի բարձր մակարդակ ունեցողների համար:

Այն, որ մեղրն օգտակար է մրսածության դեպքում և բուժում է հազն ու հարբուխը, գիտեն անգամ երեխաները: Մեղրը նաև բարելավում է մարսողությունը: Հնդկացորենի մեղրը պարունակում է շատ երկաթ, հետևաբար, այն կարելի է օգտագործել ցածր հեմոգլոբինի դեպքում:

Մեղրը նաև օգտակար է ակտիվ սպորտով զբաղվողների, շատ աշխատողների, ինչպես նաև նրանց համար, ովքեր առողջացման փուլում են: Այն օրգանիզմին ուժ է հաղորդում, վերականգնում ֆիզիկական ուժի թաքնված պաշարները, բարելավում է քունը: Անքնության դեպքում գիշերը կարելի է տաք մեղրաջուր խմել: Շատ կանայք գիտեն, որ մեղրը հրաշալի կոսմետիկ միջոց է և կարող է օգտագործվել տան պայմաններում պատրաստվող տարատեսակ դիմակներում:

Այս մթերքը բարելավում է արյան շրջանառությունը, խոնավեցնում և երիտասարդացնում է մաշկը: Շատ խոշոր ընկերություններ օգտագործում են մեղրն իրենց` դեմքի և ձեռքերի համար նախատեսված քսուքներում: Մեղրն օգտակար է նաև մազերի, այն փայլուն տեսք է հաղորդում մազերին և դարձնում առավել «հնազանդ»:

Շատերին հետաքրքրում է նաև մեղրաբջիջների օգտագործման եղանակները: Այն ունի հակաալերգիկ ազդեցություն, գերազանց նպաստում է շնչառական համակարգի հիվանդությունների բուժմանը: Որոշ դեպքերում օգտակար է մեղրն ավելացնել տարատեսակ ճաշատեսակների մեջ, դա օգնում է ձերբազատվել փորկապությունից։

Մեղրի վնասակար հատկությունները

Մեղրը որոշ դեպքերում հակացուցված է նրանց, ովքեր տառապում են ալերգիայից։ Այն պետք է զգուշությամբ տալ երեխաներին, մինչև 2 տարեկան երեխաներին այն ընդհանրապես հակացուցված է: Մեղրը պետք է զգույշ օգտագործել շաքարախտի դեպքում: Համարվում է, որ այն վտանգավոր է տաքացված վիճակում։

Մեղրաբջիջներում առկա մեղրը բավական օգտակար է, սակայ այն կալորիական է և կարող է հանգեցնել ճարպակալման: Մեղրը վնասակար է նաև ատամների համար, այն շոկոլադից ավելի արագ է փչացնում ատամների էմալը: Պետք է նաև զգուշորեն օգտագործել մեկ տարուց ավել պահված մեղրը, այն կորցնում է բուժիչ հատկությունները, վիտամինները, փոխարենը ավելանում է շաքարի և թթուների պարունակությունը: