Կարմի՞ր, թե՞ կանաչ․ ո՞ր գույնի խնձորն է ավելի օգտակար

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Տարբեր գույնի խնձորները տարբեր կերպ են ազդում օրգանիզմի վրա։
Կանաչ խնձորները, որոնք ավելի թթվաշ են, պարունակում են ավելի շատ թթու և ավելի քիչ շաքար, քան մյուս սորտերը: Կանաչ խնձորի կալորիականությունն ավելի ցածր է։ Կանաչ խնձորները նաև պարունակում են վիտամին C-ի ամենաբարձր կոնցենտրացիան: Այս մրգի պիգմենտներն ավելի քիչ ալերգիկ են: Սննդաբանները խորհուրդ են տալիս կազմվածքին հետևողներին և ալերգիկ մարդկանց նախապատվությունը տալ կանաչ սորտերին, գրում է livekuban.ru–ն։
Կարմիր խնձորը պարունակում է ավելի քիչ թթու և ավելի շատ շաքար, ուստի այն օգտակար չէ շաքարային դիաբետ ունեցողների համար: Կարմիր խնձորն ավելի շատ կալորիա ունի, քան կանաչը։ Կարմիր սորտերը ավելի շատ երկաթ են պարունակում: Դիետոլոգները խորհուրդ են տալիս այս միրգը ներառել սիրտ-անոթային, երիկամների և լյարդի հիվանդություններ ունեցող մարդկանց սննդակարգում։
Ինչ վերաբերում է դեղին խնձորին, ապա դրա բաղադրությունը նման է կանաչին։ Բայց այն պարունակում է ավելի շատ շաքար և բետա-կարոտին։ Դեղին խնձորը նաև պարունակում է մեծ քանակությամբ պեկտին, որն օգնում է նվազեցնել արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակը, նորմալացնում է աղիների աշխատանքը և օրգանիզմից հեռացնում շլակներն ու տոքսինները:
Ի դեպ, մեծ դեր է խաղում գույնի մգությունը՝ որքան մուգ է խնձորի գույնն, այնքան ավելի օգտակար հատկություններ է պարունակում, նշում են փորձագետները։