Ինչ ուտել նախաճաշին, եթե ցանկանում եք նիհարել

28.03.2025, 10:43
Եթե դուք սովոր եք նախաճաշել, ճիշտ ընտրված մթերքը էներգիա կհաղորդի ողջ օրվա ընթացքում, կկանխի չափից շատ ուտելու ռիսկն ու նույնիսկ կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից
Ինչ ուտել նախաճաշին, եթե ցանկանում եք նիհարել
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի./Նովոստի-Արմենիա/.  Թերևս միֆ է այն կարծիքը, թե նախաճաշն անհրաժեշտ է նիհարելու համար։ Յուրաքանչյուր մարդու կենսառիթմերն անհատական են, և կան մարդիկ, որոնք պարզապես չեն կարող արթնանալուց անմիջապես հետո ուտել և սահմանափակվում են միայն մեկ բաժակ սուրճով: Եթե դուք, ամեն դեպքում, սովոր եք նախաճաշել, ճիշտ ընտրված մթերքը էներգիա կհաղորդի ողջ օրվա ընթացքում, կկանխի չափից շատ ուտելու ռիսկն ու նույնիսկ կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից, գրում է bazaar.ru–ն։

Այսօր կխոսենք այն մասին, թե ինչ է պետք ուտել նախաճաշին նիհարելու համար:

Ավելի լավ է հրաժարվել նախաճաշին մեկ բաժակ սուրճ խմելու և կրուասան կամ մի քանի միրգ ուտելու սովորությունից։ Այս մթերքները գրեթե ամբողջությամբ բաղկացած են արագ ածխաջրերից, որոնք առաջացնում են արյան մեջ շաքարի կտրուկ բարձրացում: Բարձրացմանը հետևում է կտրուկ նվազում, և մեկ ժամվա ընթացքում կրկին քաղցի զգացում է առաջանում: Բացի այդ, գիտականորեն ապացուցված է, որ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի փոփոխությունները խիստ ազդում են տրամադրության վրա. ավելանում է անհանգստությունն ու հոգնածությունը, իսկ դա հաստատ հարկավոր չէ առավոտյան:

Առավոտյան սննդակարգում պետք է ներառված լինեն սպիտակուցներով և դանդաղ ածխաջրերով հարուստ մթերքներ: Օրգանիզմից շատ ժամանակ և էներգիա կպահանջվի դրանք յուրացնելու համար, ինչը նշանակում է, որ կարող եք հանգիստ դիմանալ մինչև ճաշ՝ չունենալով քաղցի զգացողություն:

Չպետք է մոռանալ նաև բջջանյութի և առողջ ճարպերի մասին: Բջջանյութով հարուստ բանջարեղենը խթանում է մարսողությունը, ինչը շատ կարևոր է, քանի որ գիշերը մեր օրգանիզմում բոլոր գործընթացները զգալիորեն դանդաղում են: Առողջ (չհագեցած) ճարպերով հարուստ մթերքները կօգնեն երկար ժամանակ մոռանալ քաղցի մասին և օրգանիզմը կապահովեն անհրաժեշտ ճարպաթթուներով։

Հաշվի առնելով այս կանոնները` պետք է ընտրել նախաճաշի այն տարբերակները, որոնք ձեզ դուր են գալիս: Այն կարող է լինել ֆիթնես բլոգերների սիրելի ավոկադոյի տոստը, խաշած ձուն կամ օմլետը, վարսակափաթիլներով և հատապտուղներով շիլան և այլն