Ինչ անել, եթե մուրաբա եփելիս օշարակը չի խտանում. մի քանի գաղտնիք՝ կոմպոտների ու մուրաբաների պատրաստման նրբությունների մասին
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Կոմպոտներն ու մուրաբաները մեր սննդակարգի անբաժանելի մասնիկն են հատկապես ձմռանը։ Ձեզ ենք ներկայացնում խոհանոցային մի քանի գաղտնիք, որոնք կօգնեն ճիշտ պահեստավորել մրգերը՝ միաժամանակ պահպանելով նրանց օգտակար հատկանիշները ձմռանը վայելելու համար։
Այսպես.
-Թթվաշ մրգերից պատրաստվող կոմպոտները պահանջում են շատ շաքար։ Ավելացրեք մի պտղունց աղ և թթվությունը քիչ կզգաք։
-Խնձորից պատրաստված կոմպոտը համեղ կստացվի, եթե ավելացնեք մի քիչ դարչին։
-Վիտամինները լավ կպահպանվեն, եթե մրգերն ու բանջարեղենը լցնեք ուժեղ եռացող ջրի մեջ և ավելացնեք մի պտղունց կիտրոնի աղ։
-Կոմպոտի բանկաները մինչև վերջ պետք է լցված լինեն ջրով, որպեսզի կափարիչը փակելուց հետո որքան հնարավոր է ՝ քիչ տեղ մնա օդի համար։
-Կորիզով մրգերից պատրաստված կոմպոտները չի կարելի պահել մեկ տարուց ավելի, քանի որ կուտակվում է առողջության համար վտանգավոր կապտաթթու (синильная кислота)։
-Եթե կոմպոտի բանկաների մեջ առաջացել են պղպջակներ, ապա այն պետք է կրկնակի եռացնել։ Բանկայի պարունակությունը շրջել կաթսայի մեջ, հասցնել եռման աստիճանի, նորից լցնել բանկաների մեջ և փակել։
-Հաստ կեղևով մրգերից մուրաբա պատրաստելիս պարտադիր կեղևը ծակծկեք, որպեսզի օշարակը ներծծվի մրգի մեջ։
-Որպեսզի հատապտուղները եփվելիս պահպանեն իրենց բնական տեսքն ու բույրը, հատապտուղների վրա լցրեք տաք օշարակ և պահեք 3-4 ժամ, որից հետո սկսեք եփել։
-Եթե մուրաբա եփելիս երկար ժամանակ օշարակը չի խտանում, ավելացրեք մի քիչ կիտրոնի հյութ։
-Մուրաբան չի շաքարակալի, եթե եփման ժամանակ թասիկի եզրերը շփեք սառը ջրում թրջած սրբիչով։
-Մուրաբայի պատրաստ լինելը կարելի է պարզել այսպես. Մի քիչ օշարակ կաթեցնել ներծծող թղթի վրա, եթե կաթիլի շուրջը խոնավ բծեր չեն առաջանում, ուրեմն մուրաբան պատրաստ է։


