Հայտնի կոսմետիկ միջոցներում քաղցկեղ առաջացնող բաղադրիչներ են հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայտնի կոսմետիկայի մեջ հայտնաբերվել են քաղցկեղ առաջացնող ֆորմալդեհիդ և այն արտազատող նյութեր։ Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Environmental Science & Technology Letters (ESTL) ամսագրում, իսկ հոդվածի հեղինակների թվում է Silent Spring Institute-ից Ռոբին Ի. Դոդսոնը։ The Independent-ը համառոտ գրում է գիտնականների եզրակացությունների մասին, գրում է ՌԲԿ–ն։
Վտանգավոր բաղադրիչն օգտագործվում է որոշ լոսյոններում, մաշկը մաքրող միջոցներում և այլ կոսմետիկ պրոդուկտներում, որոնք վաճառվում են սևամորթ և լատինաամերիկացի կանանց համար։
Գիտնականներն ուսումնասիրություն են անցկացրել՝ Լոս Անջելեսից 70 կանանց մասնակցությամբ։ Ամեն անգամ, միջոցի օգտագործումից առաջ, նրանք լուսանկարել են բաղադրիչների պիտակը և լուսանկարը հավելվածի միջոցով ուղարկել մասնագետներին։ Պարզվել է, որ հարցվածների 53%-ը օգտագործել է վտանգավոր բաղադրիչ պարունակող արտադրանք։
Մազերի խնամքի միջոցների 58%-ում հայտնաբերվել է քաղցկեղածին նյութ։ Բացի այդ, վտանգավոր նյութը հայտնաբերվել է շամպունի, լոսյոնների, օճառի և թարթիչների սոսինձի մեջ։ Ֆորմալդեհիդ արտազատող կոնսերվանտներ պարունակող 12 լոսյոնները նույն արտադրողի՝ Bath & Body Works-ի արտադրանքն էին։
«Մենք անընդհատ օգտագործում ենք նման քիմիական նյութեր և քսում մեր ամբողջ մարմնին։ Այս նյութերի կրկնվող ազդեցությունը կարող է լուրջ վնաս հասցնել», - ասում է Ռոբին Ի. Դոդսոնը։
Հոդվածի հեղինակներն իրենց ուսումնասիրությունն անվանել են առաջինը, որը հաստատում է, որ ֆորմալդեհիդը հանդիպում է ոչ միայն մազերի ուղղման միջոցներում, այլև այլ կոսմետիկ պրոդուկտներում։ Դոդսոնն ասում է, որ օգտագործողների համար դժվար կարող է լինել որոշել կոսմետիկայում ֆորմալդեհիդի առկայությունը. վտանգավոր միացությունների անվանումներում միշտ չէ, որ կա «ֆորմալդեհիդ» բառը, դրա օրինակներից է DMDM hydantoin–ը։