Հայաստանը ներառվել է բրիտանական հայտնի Wanderlust պարբերականի 2026թ․–ի «Good to Go» ցանկում

19.01.2026, 18:33
Բրիտանական հայտնի Wanderlust պարբերականը Հայաստանը ներառել է 2026թ․–ի իր «Good to Go» ցանկում
Հայաստանը ներառվել է բրիտանական հայտնի Wanderlust պարբերականի 2026թ․–ի «Good to Go» ցանկում

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Բրիտանական հայտնի Wanderlust պարբերականը Հայաստանը ներառել է 2026թ․–ի իր «Good to Go» ցանկում։

««Good to Go 2026» ցանկն իրենից ներկայացնում է ամենահետաքրքիր և նշանակալի պահերի հավաքածուն, որոնք ճամփորդությունները կարող են պարգևել Wanderlust-ի հետաքրքրասեր և պատասխանատու զբոսաշրջիկներին: Յուրաքանչյուր ուղղություն ընտրվել է Wanderlust-ի խմբագիրների կողմից ոչ միայն անհավանական տպավորությունների, այլև այն եզակի պատմությունների համար, որոնք այնտեղ ծավալվում են 2026 թվականին»,- նշում են ցանկի հեղինակները:

Հայաստանին նվիրված բաժնում նշվում է, որ երկրում կա շուրջ 4000 վանք (որոնցից շատերը ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում) և անհավանական գեղեցկության կիրճերում, հովիտներում ու լեռներում սփռված քարե խաչքարերի դաշտեր:

«Դրանցից շատերը միացված են աստիճանաբար ընդլայնվող Անդրկովկասյան արահետին (Transcaucasian Trail)՝ քայլարշավային երթուղուն, որն անցնում է տարածաշրջանով»,- ասվում է հրապարակման մեջ:

Հեղինակները ճանապարհորդներին խորհուրդ են տալիս այցելել Գեղարդի և Խոր Վիրապի վանքերը, ինչպես նաև մեկնել գինու երթուղով՝ Վայոց Ձորի խաղողի այգիների շուրջ և այցելել Արենի գյուղի համալիրը, որտեղ կարելի է գտնել գինեգործության 6000-ամյա ավանդույթների վկայություններ:

Բացի Հայաստանից, «Good to Go 2026» ցանկում ներառվել են ևս 25 երկրներ, այդ թվում՝ Անգոլան, Բարբադոսը, Խորվաթիան, Ճապոնիան, Հորդանանը, Նեպալը, Իսպանիան, Պուերտո Ռիկոն և ԱՄՆ-ն։