Երկու գիշեր անընդմեջ տեսանելի կլինի աշնանային գերլուսինը
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Երկու գիշեր անընդմեջ՝ հոկտեմբերի 6-ին և 7-ին, տեսանելի կլինի տարվա ամենագեղեցիկ լուսիններից մեկը՝ առաջին աշնանային գերլուսինը։
Ինչպես տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, հերթական լիալուսինը, որը տեսանելի կլինի հաջորդ երկու անընդմեջ գիշերներին (հոկտեմբերի 6-7 և հոկտեմբերի 7-8), ինչպես սպասվում է, կլինի տարվա ամենագեղեցիկներից մեկը։
«Լիալուսինը իր ուղեծրով կգտնվի Երկրին ամենամոտ կետում և, համապատասխանաբար, երկնքում կհայտնվի իր առավելագույն չափին մոտ։ Չնայած այս փոփոխությունները համեմատաբար փոքր են (ամենամեծ լուսինը ընդամենը 13%-ով մեծ է ամենափոքրից), պայծառության տարբերությունը կարող է հասնել 25%-ի կամ ավելիի, ինչը սովորաբար բավականին նկատելի է»,-գրել է նա սոցցանցի իր էջում։
Նա նշել է, որ լիալուսնի ճշգրիտ պահը ընկնում է հոկտեմբերի 7-ին՝ Երևանի ժամանակով ժամը 07:47-ին։
«Սա նշանակում է, որ ՀՀ տարածքի համար հոկտեմբերի 6-7-ի և հաջորդող հոկտեմբերի 7-8-ի գիշերները միատեսակ բարենպաստ կլինեն լուսինը դիտարկելու համար Լուսնի լուսավորության և բավական ցածր ամպամածության առումով»,- բացատրել է Ազիզյանը։
Ազիզյանի տեղեկացմամբ, միայն Լոռու և Տավուշի մարզերում ամսի 6-ին ամպամածությունը կարող է խանգարել վայելել այդ գեդեցկությունը, իսկ 7-ին պայմանները առավել բարենպաստ կլինեն գերլուսինը դիտելու համար:
«Գերլուսնի սեզոնը սովորաբար տևում է 3-4 լիալուսին անընդմեջ։ Լուսինը կհասնի ավելի մեծ պայծառության նոյեմբերին (5-ին) և դեկտեմբերին (4-ին), չնայած խոսքը ընդամենը 2-3% տարբերության մասին է, իսկ վերջին ձևական գերլուսինը տեղի կունենա հունվարի 3-ին»,-գրել է նա։

