Բժիշկը նշել է երեխայի խոսքի դանդաղ զարգացման պատճառը
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Երեխաների մոտ խոսքի դանդաղ զարգացման պատճառ կարող է դառնալ մյուսների հետ կենդանի շփման բացակայությունը և հանգիստ տունը, հայտնել է Gazeta.ru-ն՝ հղում անելով kp.ru-ի իր աղբյուրին՝ նյարդաբան և սոմնոլոգ Իրինա Զավալկոյին։
«Փորձագետները, մասնավորապես՝ Մանկաբուժության ամերիկյան ակադեմիան, խոսքի դանդաղ զարգացումը և ընդհանուր առմամբ ժամանակակից երեխաների կողմից խոսքի ավելի դանդաղ յուրացումը կապում են ոչ թե քնի ժամանակ «սպիտակ աղմուկի» (նորածիններին հանգստացնող ձայն) օգտագործման, այլ այն բանի հետ, որ ծնողները արթուն ժամանակ երեխայի հետ կենդանի շփման փոխարեն նախընտրում են միացնել մուլտֆիլմեր կամ երաժշտություն», - ասել է բժիշկը։
Նրա խոսքով՝ մեծահասակների հետ զրույցների ոչ բավարար քանակը և տան լռությունը կարող են բացասաբար անդրադառնալ երեխայի խոսքի զարգացման վրա՝ դանդաղեցնելով այն։ Բժիշկը բացատրել է, որ մարդկության ողջ պատմության ընթացքում մարդիկ մեծացել են բնական ձայների և շրջապատի հետ մշտական շփման մեջ։
Նյարդաբանը նշել է նաև, որ ծնողների համար չափազանց կարևոր է շատ խոսել իրենց փոքրիկի հետ և նրան ակտիվ խոսքի փորձ փոխանցել։ Այդ դեպքում փոքրիկի զարգացումը տեղի կունենա առողջ և բնական ճանապարհով։
Ելենա Մուրադովան՝ baby-sleep.ru մանկական քնի և զարգացման Կենտրոնի հիմնադիր և տնօրենը, բացատրել է, որ տարածված այն կարծիքը, թե երեկոյան բարձր ակտիվությունը կօգնի երեխային ավելի արագ քնել, սխալ է։ Նրա խոսքով՝ որքան շատ է գրգռված փոքրիկի նյարդային համակարգը, այնքան ավելի դժվար կլինի նրան քնեցնելը։
Նա խորհուրդ է տվել ծնողներին խուսափել քնելուց առաջ երեխայի հետ ակտիվ խաղերից, ինչպես նաև այդ ժամանակ չօգտագործել գաջեթներ և հեռուստացույց՝ դրանք անջատելով պառկեցնելուց առնվազն մեկ ժամ առաջ։
Նա հավելել է, որ երկարատև լացը նույնպես սրում է փոքրիկի գերգրգռվածությունը։ Ընդ որում, կա ռիսկ, որ երեխայի մոտ հիստերիա կսկսվի, ինչի պատճառով նա կհրաժարվի քնել։
Մասնագետը խորհուրդ է տվել քնելուց առաջ ստեղծել հանգիստ մթնոլորտ։
«Թույլ լույսը և հանգիստ զրույցները կօգնեն երեխային թուլանալ և ավելի հանգիստ քնել»,- ասել է Մուրադովան։

