Բալեարյան կղզիներում մահացու վտանգավոր մեդուզա է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մենորկայում զբոսաշրջիկները հայտնաբերել են ամենաթունավոր ծովային բնակիչներից մեկին։ Այն իսպանական կղզու լողափերից մեկում հայտնվել է զբոսաշրջիկների ոտքերի տակ։ Գրում է BILD Telegram-յան ալիքը։
Չնայած այն մեդուզայի տեսք ունի, սակայն, կոպտորեն ասած, գաղութային հիդրոիդների տեսակ է, այսինքն, պոլիպների գաղութ՝ պայծառ, ծիածանագույն մարմնով՝ մանուշակագույն, կապույտ և վարդագույն։ Դրա շոշափուկները կարող են հասնել 50 մետր երկարության և պարունակել ամենաուժեղ թույնը։ Դրան դիպչելը ուժեղ ցավ է պատճառում, իսկ ալերգիա ունեցողների համար այն կարող է մահացու լինել։ Հնարավոր է, որ այն թողնի այրվածքներ և սպիներ։
Սկզբում զբոսաշրջիկներից մեկը թունավոր մեդուզան թաղել է ավազի մեջ՝ վտանգավոր ռիսկից խուսափելու համար, բայց ավելի ուշ փրկարարները դուրս են հանել կենդանուն։ Դրանից առաջ Ալայոր մունիցիպալիտետի հանրային լողափի մի հատվածը (մոտ 10,000 մարդու հաշվով) շրջափակվել է՝ տեղյակ պահելով տեղական ոստիկանությանը։
Բարեբախտաբար, զոհեր չեն եղել։
Ինչպես հաղորդում է Mallorca Magazin-ը, այս արարածները երբեմն-երբեմն հայտնվում են Բալեարյան կղզիների ափերին, և այդպիսի դեպքերում լողափերը սովորաբար փակ են լինում: Սակայն, բարեբախտաբար, հատկապես Միջերկրական ծովի ջուրը հարմար չէ այդ արարածների համար, ուստի նրանք արագ հեռանում են: