Արջի թարմ հետքեր են հայտնաբերվել «Արփի լիճ» ազգային պարկում (ՖՈՏՈ)

20.05.2025, 10:33
Սա միաժամանակ զգուշացման և ուրախալի փաստի ազդանշան է․ ՖՈՏՈ
Արջի թարմ հետքեր են հայտնաբերվել «Արփի լիճ» ազգային պարկում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում հայտնաբերվել են արջի թարմ հետքեր, հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։ 

«Սա միաժամանակ զգուշացման և ուրախալի փաստի ազդանշան է։ Զգուշացման, քանի որ վայրի կենդանու առկայությունը պահանջում է զգոնություն։ Ուրախալի, որովհետև արջի վերադարձը վկայում է տարածքի էկոհամակարգի վերականգնման ու առողջության մասին», – նշում են գերատեսչությունից։ 

Նախարարությունից խնդրում են զբոսաշրջիկներին և տեղի բնակիչներին՝ 

  • Լինել առավել զգոն՝ հատկապես մուտք գործելիս անտառային կամ բարձրադիր տարածքներ,

  • Չթողնել ընտանի կենդանիներին առանց հովիվի կամ վերահսկողության,

  • Խուսափել միայնակ շրջելուց վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան ժամերին։
«Արջերը սովորաբար խուսափում են մարդկանցից, սակայն զգուշությունն ու պատասխանատու վարքագիծը կարևոր են բոլորիս անվտանգության համար», – նշում են գերատեսչությունից։

«Արփի լիճ» ազգային պարկը ստեղծվել է 2009 թվականին։ Գտնվում է Շիրակի մարզում, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում։