Ամանորյա 15 արտասովոր ավանդույթներ աշխարհի տարբեր երկրներից
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ Ամանորին պատրաստվելիս ամեն անգամ մենք փորձում ենք ինչ-որ նոր ու հետաքրքիր բան մտածել։ Ամեն տարի ցանկանում ենք այս տոնն այնպես նշել, որ այն լինի արտասովոր և երկար հիշվի:
Աշխարհի տարբեր երկրներում տարեմուտը տոնելու զվարճալի ավանդույթներ կան, որոնք երկար և հաճելիորեն են հիշվում։
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը համացանցից ընտրել է այդ երկրներից 15-ը՝ աշխարհի տարբեր երկրներում գործող արտասովոր ամանորյա ավանդույթները ներկայացնելու նրանց, ովքեր հետաքրքրված են, թե ինչպես են տարբեր երկրներում տոնում այն։
1. Իտալիա

Իտալացիներն աչքի են ընկնում բուռն խառնվածքով, ամանորյա ավանդույթները նրանց մոտ նույնքան վառ են ու աղմկոտ: Օրինակ՝ Իտալիայում ընդունված է Ամանորի գիշերը պատուհաններից դուրս նետել անպետք իրերը: Եվ թեպետ վերջին ժամանակներս այս ավանդույթից շատերը հրաժարվում են, որվհետև մեծ է վնասվածքների ստացման վտանգը, սակայն եթե տոնական գիշերը փողոցում հենց անցորդի առջև բազկաթոռ ընկնի, ոչ ոք չի զարմանա: Այսպես իտալացիները նոր տարում հաջողություններ են իրենց տուն «կանչում»։ Եվ իհարկե, այս ողջ գործընթացն ուղեկցվում է աղմուկով՝ երգերով, բացականչություններով և հրավառություններով:
2. Արգենտինա
Եվս մեկ երկիր, որի բնակիչները սիրում են պատուհանից ինչ-որ բան նետել, Արգենտինան է։ Անցնող տարվա վերջին աշխատանքային օրը արգենտինացիները հրաժեշտ են տալիս հին տարուն և դուրս նետում հին օրացույցները, անդորրագրերը, ձևաթղթերը, հաշվետվությունները և այլ անպետք փաստաթղթեր։ Մայթերն արագորեն ծածկվում են թղթի հաստ շերտով, որը հետո, իհարկե, մաքրում են։
3. Հունաստան

Եթե Իտալիայում և Արգենտինայում աշխատում են ամեն ինչից ազատվել, ապա Հունաստանում՝ հակառակը, ամեն ինչ տուն են բերում: Եթե ավելի կոնկրետ ասենք, ապա ոչ թե ամեն ինչ են տուն բերում, այլ միայն քարեր: Հունաստանում ամանորյա ընթրիքի մեկնելու ճանապարհին հյուրերը վերցնում են հնարավորինս մեծ քար: Խոշոր քարերը հույները դնում են տանտիրոջ տան շեմին՝ մաղթելով նույնքան մեծ հարստություն: Եթե մեծ քարեր չեն գտնվել, կարելի է վերցնել ամենափոքր քարը և մաղթել, որ տանտերերի հնարավոր ձախորդությունները լինեն այդ քարից ոչ ծանր:
4. Շոտլանդիա

Շոտլանդացիները Ամանորի գիշերը հրդեհում են կուպրով լցված տակառները և դրանք գլորում քաղաքի փողոցներով։ Այդպիսով նրանք «այրում են» հին տարին և ճանապարհ հարթում նորի համար։ Շոտլանդացու տանն ամանորյա ընթրիքի հյուրընկալվելիս անհրաժեշտ է ածուխ վերցնել այն տանտիրոջ օջախը նետելու համար։ Այսպես շոտլանդացիները հաջողություն են մաղթում Նոր տարում։
5. Կուբա

Տարեմուտին Կուբայում ջուր են լցնում բոլոր դատարկ անոթների մեջ՝ բաժակներ, դույլեր և կաթսաներ: Ջրի քանակը համապատասխանում է այն փաստին, թե որքան մեղք է անձը գործել տարվա ընթացքում: Ամանորի գիշերը նրանք ջուրը թափում են շեմից դուրս: Կուբացիների համար այս ավանդույթը խորհրդանշում է «մաքրվել մեղքերից»։
6. Ճապոնիա

Մենք սովորաբար տունը զարդարում ենք եղևնու ճյուղերով, «ձյունե» փաթիլներով, փայլերով: Իսկ Ճապոնիայում Ամանորին ընդունված է տները զարդարել բամբուկե փոցխերով: Ճապոնացիները համարում են, որ եթե Ամանորի գիշերը տանը փոցխ չլինի, ապա երջանկությունը «հավաքելու» գործիք չի լինի: Բացի այդ, Նոր տարվա առաջին վայրկյանները ճապոնացիները դիմավորում են բարձր ծիծաղով: Նրանք հավատում են, որ այդպես տարին կլինի ուրախ և երջանիկ։
7. Էկվադոր

Որպեսզի տարին լի լինի ճամփորդություններով, դրանցից առաջինն անհրաժեշտ է կատարել հենց Ամանորի գիշերը. այսպես են կարծում Էկվադորում։ Դրա համար պետք է ճամպրուկը ձեռքին վազել տան շուրջը։ Էկվադորցիները պետք է հասցնեն կատարել այդ «trip»-ը, քանի դեռ ժամացույցը չի հարվածել 12 անգամ։
8. Իսպանիա

Իսպանիայում ամանորյա խնջույքի բոլոր հյուրերի համար նախապես պատրաստում են 12-ական խաղողահատիկ՝ մեկական հատիկ զանգի յուրաքանչյուր զարկի համար։ Իսպանացիները հավատում են, որ եթե հասցնեն ուտել բոլոր հատապտուղները 12 զարկերի ընթացքում, տարին անպայման հաջողակ կլինի։
9. Դանիա

Դանիացիները տարեմուտի գիշերը ամանեղենը կոտրում են ընկերների դռներին հարվածելով: Որքան շատ բեկորներ մնան շեմին, այնքան շատ ընկերներ ունեն տանտերերը: Բեկորների թվի հետ մեկտեղ աճում է նաև գալիք տարվա հաջողությունների քանակը: Ըստ ավանդույթի՝ սպասքը պետք է ուժգին հարվածել դռանը, սակայն պատճառված վնասվածքներից և գույքը փչացնելուց խուսափելու համար վերջին ժամանակներս սովորույթը մի փոքր փոխվել է: Այժմ դանիացիները նախապես կոտրում են ափսեները, իսկ բեկորները լցնում հարևանների շեմին:
10. Իռլանդիա

Տարեմուտին իռլանդացիները լայն բացում են իրենց տան դռները, որպեսզի ցանկացած հյուր կարողանա ներս մտնել։ Նրան նստեցնում են ամանորյա սեղանի պատվավոր տեղում և գինի հյուրասիրում։ Հյուրը պետք է տուն մտնի առջևի դռնով, իսկ դուրս պիտի գա հետևի դռնով։ Իռլանդացիները հավատում են, որ դա հաջողություն է բերում։
11. Վիետնամ

Վիետնամում գոյություն ունի հավատալիք, որ եթե ամանորյա տոնական սեղանի շուրջ ներկա է 70 տարեկանից բարձր մարդ, ապա նրա իմաստնությունը անպայման կտարածվի սեղանակիցների վրա։ Այդ պատճառով տարեց մարդիկ յուրաքանչյուր տան ցանկալի հյուրերն են. նրանց միշտ նստեցնում են ամենապատվավոր տեղերում։
12. Բրազիլիա

Ամանորի գիշերը բրազիլացիները ընծաներ են մատուցում ծովի աստվածուհի Իմանժային։ Դրա համար անհրաժեշտ է Ամանորի գիշերը օվկիանոսի ափ բերել սպիտակ ծաղիկներ, փոքրիկ հայելիներ, օծանելիք, բրինձ, օճառ կամ նույնիսկ թանկարժեք զարդեր։ Այս ընծաները կա՛մ դնում են մոմերով լեցուն փոքրիկ նավակների մեջ և բաց թողնում ջուրը, կա՛մ նետում են անմիջապես ալիքների մեջ։ Եթե ալիքը նվերը հետ է նետում ափ, համարվում է, որ երազանքը չի իրականանա, քանի որ Իմանժան «չի ընդունել» ընծան։
13. Շվեյցարիա

Ամանորի գիշերը շվեյցարացիներն ունեն դիմակներ, դիմակահանդեսային զգեստներ, զանգակներ կրելու ավանդույթ։ Դիմակավորված մարդիկ շրջում են քաղաքների փողոցներով, իսկ գյուղերում ընդունված է մտնել տները և երգեր երգել, ինչի դիմաց տանտերերը գումար կամ քաղցրավենիք են նվիրում։
14. Սերբիա

Ամանորի գիշերը սերբերը ձգտում են հնարավորինս շատ աղմուկ բարձրացնել. համարվում է, որ հենց այդպես հեռու են վանում չար ոգիներին, որպեսզի Նոր տարին լինի ուժեղ ու երջանիկ։ Իսկ Ամանորի գիշերը տոնական սեղանի շուրջ ընդունված է համբուրել բոլոր հարազատներին. այդ դեպքում հաջորդ տարի ընտանիքում կտիրեն խաղաղությունն ու համերաշխությունը։
15.Ֆիլիպիններ

Ֆիլիպիններում Ամանորի գիշերը սերտորեն կապված է հարստության և բարգավաճման խորհրդանիշների հետ: Համարվում է, որ այդ ամենը բերում են կլոր առարկաները: Հենց այդ պատճառով ֆիլիպինցիները Նոր տարուն նախապատվությունը տալիս են հատկապես կլոր իրերին։ Նրանց գրպաններում շատ մետաղադրամներ կան, Ֆիլիպինների բնակիչները ձգտում են կրել պուտավոր հագուստ, իսկ տոնական սեղանին դնում են որքան հնարավոր է շատ կլոր մրգեր: Գոյություն ունի ևս մեկ ավանդույթ. Ամանորի գիշերը պետք է բացել բոլոր դռները, պատուհաններն ու պահարանները՝ Նոր տարուն տուն ներս հրավիրելու և հաջողությունը «տուն բերելու» համար:

