9 ամենաօգտակար մթերքը առողջ մաշկ ունենալու համար

23.05.2025, 14:05
Տարբեր մթերքներ պարունակում են բնական բաղադրիչներ, որոնք օգնում են պահպանել մաշկի երիտասարդ տեսքը, գեղեցկությունն ու օրգանիզմի իմունիտետը
9 ամենաօգտակար մթերքը առողջ մաշկ ունենալու համար

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մեր առողջությունը հիմնականում կախված է նրանից, թե ինչ ենք ուտում, իսկ դիետան ազդում է մեր մաշկի վիճակի վրա։ Մթերքի բազմաթիվ տեսակներ պարունակում են բնական բաղադրիչներ, որոնք օգնում են պահպանել մաշկի երիտասարդ տեսքը, գեղեցկությունն ու օրգանիզմի իմունիտետը։ Teleprogramma.pro կայքը ներկայացնում է 9 մթերք, որոնք կօգնեն ձեզ առողջ մաշկ ունենալու հարցում։

1. Կտավատի սերմեր

льняное семя, семена льна, лен

Կտավատի սերմերը հարուստ են օմեգա–3 թթուներով, որոնք կարևոր դեր են խաղում կնճիռների և տարիքային պիգմենտացիայի կանխման գործում։ Որոշ ուսումնասիրություններ նաև ցույց են տալիս, որ կտավատի սերմերի ամենօրյա օգտագործումն օգնում է նվազեցնել մաշկի կարմրությունն ու գրգռվածությունը` հաղորդելով մաշկին թարմ տեսք։ Կտավատի սերմերը կարելի է ավելացնել թխվածքի, վարսակաձավարով շիլայի կամ սմուզիի մեջ։

2. Կապույտ և մանուշակագույն միրգ ու հատապտուղ

слива

Կապույտ հապալասը, մոշը, սալորը, մուգ գույնի խաղողը պարունակում են մեծ թվով հակաօքսիդանտներ, որոնք չեզոքացնում են ազատ ռադիկալների բացասական ներգործությունը մաշկի վրա, որն ավելանում է սխալ սննդակարգի կամ անբարենպաստ էկոլոգիական պայմանների պատճառով։ Մանուշակագույն և կապույտ մրգերի ու հատապտուղների շնորհիվ մաշկը երիտասարդ տեսք է ստանում։

3. Արևածաղկի սերմեր

семечки

Ամենասովորական արևածաղիկը հարուստ է վիտամին Е–ով, որն օգնում է պաշտպանել մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Բացի այդ, արևածաղկի սերմերն օգնում են նվազեցնել զարկերակային բարձր ճնշումը։ Դրանք կարելի է ավելացնել վարսակաձավարով կամ ուրիշ շիլաների, ապուրների, աղցանների և թխվածքի մեջ` դրանք ավելի սննդարար դարձնելու համար։ Կարևոր է չմոռանալ, որ արևածաղկի սերմերը բարձր կալորիականություն ունեն։ Անհրաժեշտ է ուշադիր լինել նաև աղի հարցում, որի ավելցուկը բոլոր առավելությունները զրոյի է հավասարեցնում։

4.  Շոկոլադ

шоколад

Լավ նորություն քաղցրակերների համար. շոկոլադն օգտակար է մաշկի առողջության համար: Իհարկե, կարևոր է չչարաշահել։ Դառը, մուգ շոկոլադը պարունակում է ֆլավոնոիդներ, որոնք նպաստում են անոթների պատերի ամրությանը և ունեն հակաօքսիդանտային հատկություն։

5.  Լոլիկ

помидоры овощи ящик урожай.jpg

Լոլիկը հարուստ է լիկոպինով, որը կարևոր հակաօքսիդանտ է։ Այն կանխում է մաշկի հիպերպիգմենտացիան և օգնում է մաշկին լինել առողջ և ձիգ։ Կարևոր է նաև այն փաստը, որ, ի տարբերություն բնական ծագում ունեցող արժեքավոր նյութերի մեծամասնության, լիկոպինը ջերմային մշակման ընթացքում ոչ միայն չի կորցնում իր օգտակար հատկությունները, այլ նաև ավելացնում է  դրանք։ Այնպես որ, պատրաստեք հաճույքով։

6.  Կարմիր բուլղարական պղպեղ

болгарский перец

Միջին չափի մեկ կարմիր պղպեղը С վիտամինի օրական չափաբաժին է պարունակում (և անգամ փոքր–ինչ ավել)։ Այն պարունակում է նաև վիտամին В6, սննդային մանրաթելեր և կարոտինոիդներ։ Այս բոլոր նյութերն օգնում են ազատվել կնճիռներից և ավելացնում են արյան հոսքը դեպի մաշկ, ինչի արդյունքում այն թարմ և երիտասարդ տեսք է ստանում։ Կարմիր պղպեղն օգնում է նաև կանխել ակնեները։ Իր ցածր կալորիականության շնորհիվ այս բանջարեղենը դիետիկ սննդակարգի անգին բաղադրիչ է։

7. Յոգուրտ

йогурт с малиной.jpg

Զուր չէ, որ առողջ սննդակարգի հետևորդները մեծապես կարևորում են յոգուրտի օգտագործումը։ Յոգուրտը պարունակում է սպիտակուցներ, որոնք օգտակար են մաշկի առաձգականության համար, դրանք օգնում են նաև կանխել կնճիռների առաջացումը։ Իհարկե, խոսքը բնական, սպիտակ յոգուրտի, այլ ոչ թե մրգային խառնուրդի մասին է, որը պարունակում է արհեստական գունանյութեր, բույր հաղորդող նյութեր և մեծ քանակությամբ շաքարավազ։ Նման հավելումներն ամբողջությամբ ոչնչացնում են յոգուրտի օգտակար հատկությունները։ Եթե ցանկանում եք յոգուրտն ավելի քաղցրահամ դարձնել, պարզապես ավելացրեք թարմ մրգեր, մեղր կամ դառը շոկոլադ։

8. Սաղմոն

закуска рыба лосось канапе.jpg

Սաղմոնը ևս պարունակում է օմեգա–3 թթուներ, որոնք նպաստում են մաշկի խոնավացմանը և օգնում են պայքարել կնճիռների, կարմրությունների և ակնեի դեմ։ Բացի այդ, կարմիր ձուկը հարուստ է D վիտամինով, որը պատասխանատու է ուղեղի և նյարդային համակարգի, սիրտ–անոթային համակարգի, ոսկորների և աղիների նորմալ աշխատանքի համար։ D վիտամինն օգնում է նվազեցնել տագնապի զգացումն ու հակազդել դիպրեսիային, ինչպես նաև կարևոր դեր է խաղում քաղցկեղի, ոսկորների և սրտային հիվանդությունների կանխարգելման գործում։ Սաղմոնն օգտակար է նաև մազերի առողջության համար։

9. Սպանախ

шпинат

Սպանախն իսկական սուպերմթերք է։ Այն А, Е և С վիտամինների, երկաթի, մագնիումի, բուսական սպիտակուցի և սննդային մանրաթելերի, քլորոֆիլի և ֆոլաթթվի աղբյուր է։ Այս բոլոր նյութերն օգտակար են մաշկի համար։ Սպանախը նաև պարունակում է հակաօքսիդանտներ։ Սպանախից կարելի է պատրաստել սմուզի, ավելացնել այն աղցանների, ձվածեղի կամ թխվածքի մեջ։

Եվ վերջում հարկ ենք համարում հիշեցնել, որ անգամ ամենաօգտակար մթերքը դեղորայք չէ և չի կարող օգնել մաշկի հետ կապված լուրջ խնդիրների դեպքում։ Իհարկե, անհրաժեշտ է հետևել սննդակարգին, սակայն լուրջ խնդիրների դեպքում հարկավոր է դիմել բժշկի։