19–ամյա դերասանուհի Ադրինե Աճեմյանը կներկայացնի Հայաստանը «Միսս

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ 19-ամյա դերասանուհի Ադրինե Աճեմյանը կներկայացնի Հայաստանը «Միսս Աշխարհ» հեղինակավոր միջազգային գեղեցկության մրցույթում։ Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնել են «Միսս Երևան Փրոդաքշն»-ից, որն ունի բացառիկ լիցենզիա՝ Հայաստանից մասնակիցներ ուղարկելու «Միսս Աշխարհ» և «Միսս Տիեզերք» մրցույթներին։
«Ավելի քան երեք տարի ընդմիջումից հետո Հայաստանը վերադառնում է «Միսս Աշխարհ» գեղեցկության մրցույթին։ Այս տարի համաշխարհային գեղեցկության մրցույթը կանցկացվի 72-րդ անգամ Հնդկաստանում՝ Թելանգանա նահանգում», - նշել են գործակալությունը։
Նշվում է նաև՝ քանի որ լիցենզիան ստացվել է վերջերս, Հայաստանի մասնակիցն ընտրվել է ոչ թե գեղեցկության ազգային մրցույթի, այլ քասթինգի միջոցով։
«Աճեմյանը սովորում է Թատրոնի պետական ինստիտուտում։ Նա վճռականորեն է տրամադրված պատվով կատարելու իր առաքելությունը՝ լավագույնս ներկայանալ այդ հեղինակավոր բեմում՝ հայկական մշակույթն ավելի ճանաչելի դարձնելով։ Ադրինեն ելույթ կունենա հայ դիզայներ Գևորգ Շադոյանի կարած զգեստներով, ինչպես նաև հայկական տարազով կպարի «Մուսա Լերան Դաբկի» ստեղծագործության երաժշտության ներքո», - հայտնել են գործակալությունից։
Մրցույթը կանցկացվի մայիսի 7-ից 31-ը, մրցույթին կմասնակցեն 130 երկրների ներկայացուցիչներ։ Այս մրցույթի եզրափակիչը սովորաբար դիտում է մոտ 200 միլիոն հեռուստադիտող ամբողջ աշխարհում։ Այն աշխարհի ամենաճանաչելի շոուներից մեկն է։
«Միսս Աշխարհ» և «Միսս Տիեզերք» գեղեցկության միջազգային մրցույթները հիմնադրվել են գրեթե միաժամանակ։ Առաջին «Միսս Աշխարհ» մրցույթն անցկացվել է 1951 թվականին Լոնդոնում, իսկ առաջին «Միսս Տիեզերք» մրցույթը՝ 1952 թվականին ԱՄՆ-ում։