10 պատճառ՝ ինչու պետք է դադարեցնել ծխելը

22.08.2025, 21:32
Ծխախոտը պարունակում է ավելի քան 7000 քիմիական նյութ, որոնցից շուրջ 70-ը քաղցկեղածին են, հաղորդում է Առողջապահության նախարարությունը
10 պատճառ՝ ինչու պետք է դադարեցնել ծխելը

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ Առողջապահության նախարարության 2022 թ.-ին իրականացված հետազոտության տվյալներով՝ Հայաստանում չափահաս բնակչության 27,2%-ն օգտագործում է ծխախոտային և նիկոտին պարունակող որևէ արտադրատեսակ։

Ծխախոտային և նիկոտին պարունակող արտադրանքի օգտագործումը շարունակում է մնալ ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) առաջատար ռիսկի գործոններից մեկն ամբողջ աշխարհում։ Ծխախոտը պարունակում է ավելի քան 7000 քիմիական նյութ, որոնցից շուրջ 70-ը քաղցկեղածին են։

Այս մասին նշում են Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Ծխախոտի օգտագործումը վնասում է մարդու օրգանիզմի տարբեր համակարգերը.

-թոքեր` քրոնիկ օբստրուկտիվ թոքերի հիվանդություն (ՔՕԹՀ), էմֆիզեմա, տարատեսակ վարակներ,

-սրտանոթային համակարգ` զարկերակային արյան գերճնշում, սրտամկանի ինֆարկտ, արյան շրջանառության խանգարում,

-գլխուղեղ` ինսուլտի բարձր ռիսկ, հիշողության կորուստ (դեմենցիա), տրամադրության խանգարումներ,

-քաղցկեղ` թոքերի, կոկորդի, բերանի, միզապարկի, ենթաստամոքսային գեղձի և այլ օրգանների քաղցկեղներ,

-պտղաբերություն և հղիություն` սերմնահեղուկի քանակի նվազում, վիժումներ, վաղաժամ ծննդաբերություն,

-ոսկրեր և մկաններ` ոսկրերի փխրունություն (օստեոպորոզ), վերքերի դանդաղ վերականգնում:

 Առողջապահության նախարարությունը ներկայացնում է 10 պատճառ, թե ինչու պետք է դադարեցնել ծխելը

-Կնվազեցնեք քաղցկեղի, սրտանոթային համակարգի հիվանդությունների առաջացման ռիսկը

- Կնվազեցնեք շնչառական համակարգերի հիվանդությունների առաջացման ռիսկը

-Ավելի առույգ և աշխույժ կլինեք

-Ավելի երիտասարդ տեսք կունենաք

-Կխնայեք ծխախոտի վրա ծախսվող գումարը

-Կպաշտպանեք երեխաներին երկրորդային ծխից և նրանց համար լավ օրինակ կծառայեք

-Երկար կապրեք

-Կնպաստեք Ձեր իմունային համակարգի բարելավմանը

-Գեղեցիկ ժպիտ կունենաք

-Կբարելավեք համի և հոտի զգացողությունը