Ընտանեկան բռնությունը ՀՀ–ում. ի՞նչ տեսակներ են հանդիպում առավել հաճախ

06.02.2019, 15:11
Ընտանեկան բռնությունը ՀՀ–ում. ի՞նչ տեսակներ են հանդիպում առավել հաճախ:
Ընտանեկան բռնությունը ՀՀ–ում. ի՞նչ տեսակներ են հանդիպում առավել հաճախ

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՔԿ–ն ներկայացրել է վիճակագրական տվյալներ ՔԿ վարույթում 2018 թվականի ընթացքում ընտանիքում բռնության վերաբերյալ քննված քրեական գործերի մասին։

Ինչպես հաղորդում է ՔԿ մամուլի ծառայությունը, ուսումնասիրությունների համաձայն՝ նշված ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում 2018 թվականի ընթացքում քննվել է ընտանիքում բռնության վերաբերյալ 519 քրեական գործ՝ նախորդ տարվա 458-ի դիմաց:

Քրեական գործերի մեծ մասը վերաբերում է ամուսնու կողմից կիրառված բռնությանը, գրանցվել են նաև ընտանիքի այլ անդամների կողմից կատարված առերևույթ հանցագործության դրսևորումներ։

Այսպես՝  519 քրեական  գործերից 267-ը վերաբերել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված՝ ծեծին, 66-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով նախատեսված՝ սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելուն կամ գույք ոչնչացնելու սպառնալիքին, 34-ը՝  ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելուն։

Загружается новость ... "Лево"

Բացի այդ, հարուցվել է 17 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով նախատեսված՝ սեռական հարաբերությանը 16 տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթ գործողություններ կատարելուն 16 տարին չլրացած անձի հետ, 15-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածով նախատեսված՝ ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելուն, 12-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով նախատեսված՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելուն, 12-ը՝  ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով նախատեսված՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելուն, 10-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով նախատեսված՝ սպանությանը, 8-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածով նախատեսված՝ բռնաբարությանը, 7-ը՝ 167.1-րդ հոդվածով նախատեսված՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելուն, 6-ը՝ 133-րդ հոդվածով նախատեսված՝ ազատությունից ապօրինի զրկելուն, 5-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածով նախատեսված՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելուն կամ վնասելուն, 5-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված՝ մարդուն առևանգելուն, 3-ը՝ 353.1-րդ հոդվածով նախատեսված՝ անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելուն, 3-ը՝  ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով նախատեսված՝ ինքնասպանության հասցնելուն, 2-ը՝ 106-րդ հոդվածով նախատեսված՝ մոր կողմից նորածին երեխայի սպանությանը, 1-ը՝ 120-րդ հոդվածով նախատեսված՝ անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն, 1-ը՝ 121-րդ հոդվածով նախատեսված՝ անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելուն, 1-ը՝ 167-րդ հոդվածով նախատեսված՝ ծնողներից կամ այն անձանցից, որոնց վրա դրված է երեխայի դաստիարակության և խնամքի պարտականությունը, երեխային ապօրինի բաժանելուն կամ երեխային փոխելուն, 1-ը՝ 168-րդ հոդվածով նախատեսված՝ խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքին կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքին, 1-ը՝ 169-րդ հոդվածով նախատեսված՝ որդեգրման գաղտնիքը հրապարակելուն կամ որդեգրման համաձայնություն տալուն հակելուն կամ հարկադրելուն և այլն:

Ուսումնասիրությունների արդյունքում հայտնի է դարձել, որ ընտանիքում կատարված հանցագործություններից 12-ը եղել են մոր, 27-ը՝ հոր, 2-ը` խորթ հոր, 13-ը՝ եղբոր/քրոջ, 4-ը տատի/պապի, 40-ը` զավակի (այդ թվում՝ որդեգրվածի), 193-ը՝ ամուսնու, 12-ը՝ կնոջ,  7-ը՝ թոռան, 9-ը՝ ամուսնու ծնողների, 13-ը՝ հարսի/փեսայի կողմից կատարված:

Վարույթում գտնվող գործերով որպես տուժող ճանաչվել է 493 անձ, որոնցից 25-ը՝ մինչև 12 տարեկան, 8-ը՝ 12-14 տարեկան, 24-ը՝ 14-16 տարեկան, 9-ը՝ 16-18 տարեկան, 183-ը՝ 18-35 տարեկան, 244-ը՝ 35 տարեկանից բարձր:

Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 82 քրեական գործ՝ 85 անձի վերաբերյալ:

Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վերաբերյալ դատարան է ներկայացվել 14 միջնորդություն:–0–