Որսորդական հրացանով կրակել ու սպանել է ամուսիններին․ դաժան սպանություն՝ Արամուսում
12.10.2025,
23:05
Արամուսի դաշտամիջյան հատվածում 61–ամյա տղամարդը հրացանով կրակել ու սպանել ամուսիններին
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հոկտեմբերի 12-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Արամուս բնակավայրի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատվածում տղամարդու և կնոջ դիեր կան, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանությունը կատարել է Արամուսի 61-ամյա մի բնակիչ։ Նա իր անունով հաշվառված որսորդական հրացանով կրակոցներ է արձակել ամուսինների՝ Արամուս գյուղի բնակիչներ՝ 64-ամյա տղամարդու ու 59-ամյա կնոջ ուղղությամբ։
Սպանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքով 61-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։

