Ողբերգական դեպք «Պապլավոկում». կնոջ դի է հայտնաբերվել

08.06.2016, 12:05
Չորեքշաբթի` հունիսի 8-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել «Պապլավոկ» ռեստորանային համալիրում:
Ողբերգական դեպք «Պապլավոկում». կնոջ դի է հայտնաբերվել
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Չորեքշաբթի` հունիսի 8-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել «Պապլավոկ» ռեստորանային համալիրում, հայտնում է shamshyan.com–ը։

Ժամը 01:35-ի սահմաններում Վաղարշապատի շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում գտնվող «Պապլավոկ» ռեստորանային համալիրի համարներից մեկի լոգարանում կնոջ դի է հայտնաբերվել։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի աշխատակիցները։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Մեծամոր քաղաքի 2-րդ թաղամասի բնակչուհի, 43-ամյա Ռաիսա Կարաևան է: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չկան: Ըստ նախնական տեղեկությունների՝ կինը կամ հանկարծամահ է եղել կամ լոգանք ընդունելիս հոսանքահարվել է:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ մահվան հանգամանքները պարզելու համար:

«Դեպքի վայրում հավաքված ռեստորանային համալիրի աշխատակիցներից մի քանիսն ասում էին, որ 1 շաբաթ առաջ էլ նույն հյուրասենյակի լոգարանում հայտնաբերվել էր Էջմիածնի Ճանշինի պետի՝ Մայիսի դին, ով նույնպես լողանալիս հանկարծամահ էր եղել»,– գրում է կայքը։ -0-