Ողբերգական դեպք՝ Շիրակում․ Գյումրու մանկատանը 1 տարեկան երեխա է մահացել

20.06.2025, 14:09
Երեխային մահացած վիճակում հայտնաբերել են մանկատան աշխատակիցները
Ողբերգական դեպք՝ Շիրակում․ Գյումրու մանկատանը 1 տարեկան երեխա է մահացել

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հունիսի 17-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 06։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ժամը 05։45-ի սահմաններում շտապօգնության խումբը «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում արձանագրել է նշված մանկատան 1-ամյա շահառուի մահը։

Օպերատիվորեն մեկնած ոստիկաններին նշված ՊՈԱԿ-ի տնօրենը հայտնել է, որ երեխային մահացած հայտնաբերել են աշխատակիցները։

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։