Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում. Արթիկում բետոնե ծածկը փլուզվել է 64–ամյա տղամարդու վրա
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ հունվարի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 14:20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական վարչությունում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արթիկի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արթիկ քաղաքի Խանջյան փողոցի տներից մեկի բակում տղամարդու դի կա։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Նշված փողոցի 8 հասցեի մոտ քրեական համայնքային ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են Արթիկ քաղաքի բնակիչ 64-ամյա Հովհաննես Ղ.-ի դին։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է տան սեփականատիրոջ ինքնությունը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը եկել էր նշված տուն, որպեսզի վնասված բետոնե ծածկը հեռացներ, սակայն այն փլուզվել է նրա վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

