Ողբերգական դեպք՝ Երևանում. տրոլեյբուսի սրահում կնոջ դի է հայտնաբերվել

07.10.2025, 11:24
Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ողբերգական դեպք՝ Երևանում. տրոլեյբուսի սրահում կնոջ դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 12:15-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արշակունյաց պողոտայի 23 հասցեի դիմաց Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսի սրահում դի կա:  

Կայքի տեղեկացմամբ, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը: 

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:  

Տրոլեյբուսի սրահում հայտնաբերվել է Երևանի բնակիչ 67-ամյա Վ. Բ.-ի դին: 

 Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին: 

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:  

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 

Դեպքի առնչությամբ «Նովոստի-Արմենիա»-ն հարցում է ուղարկել ՀՀ Քննչական կոմիտեին։

«Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը)»,-ասել է ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։